Ի՞նչ է «Ուղեցույցը»
«Ուղեցույցը» ինտերակտիվ քարտեզ է, որը, տրամադրելով տեղեկություն և ցույց տալով մատչելի երթուղայինների ճանապարհագծերը, ինչպես նաև ՀՀ բոլոր հասարակական տարածքները՝ ըստ դրանց մատչելիության մակարդակի, ուղեկցում է հաշմանդամություն ունեցող անձանց։ «Ուղեցույցում» հնարավոր է թողնել գրառում նոր շինությունների վերաբերյալ, գնահատել և օգտվել հետադարձ կապից:
«Ուղեցույցը» ստեղծվել է «Բազմազանություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Campanion Map Armenia» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է բարելավել հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակը և նրանց համար ստեղծել հնարավորություններ նախ Երևանում և Վանաձորում, այնուհետև ողջ Հայաստանում: «Ուղեցույցը» համախմբում է քաղհասարակության, կառավարության և այլոց ջանքերը՝ Հայաստանում ներառական հասարակություն ստեղծելու համար։
«Ուղեցույց» հավելվածի գործառույթներն են․
-
Տալ տեղեկություն տեղանքի մատչելիության մասին
«Ուղեցույց» հավելվածից օգտվողը կարող է ստանալ տեղեկություն շինությունների ներառականության կամ անհարմարավետության մասին։ Օգտվողը կարող է նոր կետի մասին (շինություն, կառույց կամ վայր) ավելացնել տեղակություն և հետադարձ կապի միջոցով թողնել կարծիք ու գնահատական այդ կետի մատչելիության վերաբերյալ։ -
Ցույց տալ հասանելի երթուղին
«Ուղեցույց» հավելվածից օգտվողը կարող է տեսնել ՀՀ-ում առկա ներառական հասարակական երթուղայինների ճանապարհագծերը։ -
Արագ դիմումներ ուղարկել կառավարությանը
Երբ որևէ վայր կամ շինություն ստանում է տասը բացասական արձագանք, հավելավածն ավտոմատ հաղորդագրություն (բողոք) է ուղարկում համապատասխան մարմիններին՝ խնդիրը լուծելու համար։
«Ուղեցույցի» հիմնական օգտատերերն են մի կողմից հաշմանդակմություն ունեցող անձինք՝ հատկապես մշտական և ժամանակավոր շարժողական խնդիրներ ունեցողները, անվաբազկաթոռ օգտագործող անձինք, նրանց ծնողները կամ խնամակալները, տարեց անձինք և մյուս կողմից՝ կամավորները, հասարակական ակտիվիստները, որոնք պայքարում են հանուն հավասարության և խոցելի անձանց հնարավորությունների ստեղծման համար, ինչպես նաև պետական և կառավարական մի շարք մարմիններ։
«Բազմազանություն» ՀԿ-ն «Campanion Map Armenia» ծրագրի իրականացման համար համագործակցում է բոլոր այն կառույցների ու կազմակերպությունների, նախաձեռնությունների հետ, որոնք գործում են տվյալ ոլորտում։
«Ուղեցույցն» օգտագործելու համար կարող եք դիտել այս տեսանյութը, այցելել մեր յութուբյան ալիք, միանալ տելեգրամյան ալիքին կամ պարզապես հետևել կազմակերպության էջերին սոցիալական մյուս հարթակներում։
Հաշվի ստեղծման, վայրերի և գնահատականների ավելացման մանրամասն բնութագրությանը ծանոթանալու համար, կարող եք ընթերցել Օգտվողի ձեռնարկը:
Մեր համագործակիցներն են
Ուղեցույցի պատմությունը սկսվեց 2019 թվականին, երբ Ուկրաինայի «Provodnik» թիմը «EaP Civil Society Hackathon»-ի հաղթող ճանաչվեց, որի արդյունքում ստեղծվեց provodnik.online հավելվածը:
Երկու տարի անց՝ 2021 թվականին «Բազմազանություն» ՀԿ-ին «Արևելյան գործընկերության» նախաձեռնության «Adapt-an-App EaP Sprint» ծրագրի շրջանակում ԵՄ ֆինանսական աջակցությամբ հնարավորություն ընձեռնվեց Հայաստանի համար տեղայնացնել հավելվածը՝ ավելացնելով վերջինիս հնարավորությունները:
Կազմակերպությանը աջակցում են մի շարք կամավորներ, ինչպես նաև տեղական ՔՀԿ-ներ, որոնք գործում են տվյալ ոլորտում։
Կապ հաստատեք մեզ հետ
«Ուղեցույց» հավելվածի ստեղծման առաջին օրվանից մենք շարունակում ենք կատարելագործել այն, ուստի Ձեր կարծիքը չափազանց կարևոր է մեզ համար։ Թողեք Ձեր գնահատականները կամ կապ հաստատեք կազմակերպության հետ էլեկտրոնային փոստով՝ ughecuyc@gmail.com կամ մեր սոցիալական հարթակների միջոցով։
Եթե դուք «Արևելյան գործընկերության» երկրներում աշխատող քաղ-հասարակության կազմակերպություն կամ ակտիվիստ եք և ցանկանում եք ստեղծել մատչելիության քարտեզ ձեր երկրում, մենք ուրախ կլինենք օգնել ձեզ՝ կիսվելով «Ուղեցույց»-ի կոդով: